Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես եկավ դասախոսությամբ Երեւանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի` մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի ոլորտում վերապատրաստման մեկամյա դասընթացի մասնակիցների համար:
Ընկերության ղեկավարը՝ որպես հրավիրված դասախոս, կարդաց «Ռազմավարական որոշումների կայացում» թեմայով դասախոսությունը: Նա լսարանին ներկայացրեց ճիշտ ռազմավարական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քայլերը՝ թե ինչպես պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչ հանգամանքներ հաշվի առնել եւ ինչպես խուսափել առավել հաճախ հանդիպող սխալներից։
Ընդհանուր առմամբ դասախոսությանը ներկա էր ավելի քան 30 ունկնդիր, այդ թվում` ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավարությունը, դասախոսներ, ուսանողներ, լրագրողներ, մարքեթինգի ու հասարակայնության հետ կապերի ոլորտի մասնագետներ:
«Մեր ուսանողների համար սա եւս մեկ հնարավորություն է լսել ոլորտի փորձառու եւ բանիմաց մասնագետներից մեկի՝ Beeline-ի տնօրեն՝ Անդրեյ Պյատախինին: Լաբորատորիան արժեւորում է նմանատիպ միջոցառումները, քանի որ ուսանողների համար է ոչ միայն ստեղծվում արդիական գիտելիքի ստացման հնարավորություն, այլ նաեւ նրանց մոտ ձեւավորվում է շնորհալի եւ հաջողակ մասնագետի կերպարր: Այլ կերպ ասած` նրանք պրակտիկայում ծանոթանում են ճանաչված մասնագետների որակներին, մտածողությանը եւ վարքային մոդելներին: Հատուկ կարեւորում եմ լաբորատորիայի եւ Beeline-ի միջեւ համագործակցության այս ձեւաչափի շարունակականության ապահովումը եւ համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները», - նշեց Երեւանի Պետական Հալասարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը:
«Մեր ժամանակներում թե՛ բիզնեսում եւ թե՛ ամենօրյա կյանքում ճիշտ եւ կշռադատված որոշումների կայացումը հաջողության գրավականն է։ Իսկ Beeline-ի նման մեծ ընկերության համար՝ զարգացման գլխավոր պայմանը։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, այս թեմայի ուսումնասիրությունը կօգնի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի ոլորտում վերապատրաստում անցնող մասնագետներին իրենց ներկա եւ ապագա գործունեության մեջ։ Որախ եմ եւս մեկ անգամ ելույթ ունենալ Երեւանի պետական համալսարանի հեռաուսուցման լաբորատորիայի ուսանողների առջեւ», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիան Հայաստանում պետական կրթական հաստատություններից առաջինն է ներդրել հեռահար ուսուցման ծրագրերը off-line եւ on-line ձեւաչափերով: Լաբորատորիայի կողմից իրականացվող հեռաուսուցման արդիական ծրագրերի միջոցով բացառիկ հնարավորություն է ընձեռնվում դառնալ հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման, սոցիալական աշխատանքի, սոցիալական մանկավարժության, սոցիոլոգիայի եւ այլ ոլորտների մասնագետներ։





























