Ստրասբուրգում այսօր՝ հունիսի 26-ին մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում կառույցի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Նշենք, որ ԵԽԽՎ նախորդ նստաշրջանում Հայաստանի կողմից փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հերմինե Նաղդալյանը։
Հայաստանում այս տարվա ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններից հետո ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմը փոփոխվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 26-ին մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ հունիսի 30-ը:
Մինչեւ հունիսի 30-ը նախանշված նստաշրջանի քննարկման հիմնական թեմաներն են լինելու Եվրոպան եւ միգրանտները:
Ներկայացվելու է չորս զեկույց. միգրացիոն ճգնաժամին մարդասիրական եւ քաղաքական պատասխանը, փախստականների տարանցմանը Եվրոպայի պատասխանից հետո մարդու իրավունքների հետ կապված իրադրության համար հետեւանքները, միգրացիոն՝ որպես Եվրոպայի զարգացման հնարավորություն, կրիտիկական ճնշման ժամանակաշրջանում փախստականների ինտեգրումը:
Քննարկվելու են նաեւ ԵԽԽՎ-ում հաշվետվողականության սկզբունքին հետեւելուն, քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարում արդարության խրախուսմանը եւ կոռուպցիայի խորհրդարանական վերահսկողությանը նվիրված հարցեր: Նախատեսվում են նաեւ քննարկումներ՝ նվիրված Բելառուսի իրադրությանը եւ անկախ լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներին:





























