2015թ. հուլիսի 24-ին Մերի Մարգարյանին հոսպիտալացնելու հիմք չի եղել: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, ծննդկանի եւ նորածնի մահվան գործով դատական նիստին ասաց ամբաստանյալ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Շուշանիկ Բախշյանը պատմեց, որ այդ օրը Մերի Մարգարյանն ըստ էության գանգատ չի ունեցել, քանի որ ջերմություն չի ունեցել, իրեն փոխանցել է, որ մինչ այդ ունեցել է 37.6 աստիճան ջերմություն: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանի հարցին, թե հղիի վարման անհատական քարտում նշված է, որ Մերի Մարգարյանի ջերմությունը տատանվել է 37.5-38 աստիճան, արդյոք դա հիմք չէր հոսպիտալացման, Բախշյանը բացասական պատասխան տվեց:
Հուլիսի 25-ին, Շուշանիկ Բախշյանի պատմելով, Մերի Մարգարյանն իրեն հայտնել է, որ ունի 38.1 աստիճան ջերմություն եւ խմել է պարացետամոլ: Ամբաստանյալի խոսքով, իր խորհրդով Մերի Մարգարյանը դիմել է հիվանդանոց ու արձանագրվել է 37 աստիճան ջերմություն: Մարինե Թովմասյանը հետաքրքրվեց՝ արդյոք այդ ջերմաստիճանն արձանագրվել է դեղորայքի ընդունումից հետո, Բախշյանը դրական պատասխան տվեց: Փաստաբանի մյուս հարցին, թե ինչու հուլիսի 25-ին էլ չի եկել անձամբ հիվանդանոց եւ զննել Մերի Մարգարյանին, Շուշանիկ Բախշյանն անպատասխան թողեց: Ի դեպ, հուլիսի 25-ին եւ 26-ին Բախշյանը քաղաքում չի եղել: Նշենք, որ հուլիսի 24-ին Շուշանիկ Բախշյանն աշխատանքային ժամից հետո եկել էր հիվանդանոց եւ անձամբ զննել Մերի Մարգարյանին:
«Ես խոսել եմ հերթապահ անձնակազմի հետ, նաեւ Անի Բաբելյանի հետ մի քանի անգամ, բարձրախոսով Անի Բաբելյանն ինձ ներկայացրել է հետազոտությունների պատասխանները»,- ասաց Շուշանիկ Բախշյանը
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի դիտարկմանը, թե հուլիսի 25-ին ժամը 19.56-ից մինչեւ 00:05-ը, հեռախոսային որեւէ կապ չկա Բախշյանի եւ Բաբելյանի միջեւ, ամբաստանյալը նշեց, որ քանի որ վիրահատության է եղել Անի Բաբելյանը, ուրիշների հեռախոսներով է շփվել Անի Բաբելյանի հետ: Նշենք, որ Մերի Մարգարյանի հարազատների պնդմամբ, Անի Բաբելյանը հրաժարվել է ընդունել Մերիին, քանի որ Բախշյանն է նման ցուցում տվել:
Տուժող կողմի հարցին՝ հուլիսի 23-ից հետո հղին երեք օր շարունակ եկել, գնացել է, ի՞նչ ախտորոշում է տրվել, Շուշանիկ Բախշյանը նշեց, որ ախտորոշվել է սուր շնչառական հիվանդություն. «Հարազատներն են ասել, որ նման ախտորոշում է տրվել, բայց գրավոր չի տվել»: Նշենք, որ հիվանդության պատմագրում քիթ-կոկորդ-ականջաբանի որեւէ գրառում չկա:
Անդրադառնալով հուլիսի 26-ին, Շուշանիկ Բախշյանը նշեց, որ այդ օրը Մերի Մարգարյանի մայրն է իրեն զանգահարել եւ ասել, որ ունի 39.1 աստիճան ջերմություն, ինքն էլ անմիջապես հորդորել է դիմել հիվանդանոց: Այստեղ արդեն ժամը 16:00-ի սահմաններում արվել է արյան բիոքիմիական անալիզ եւ որեւէ շեղում չի հայտնաբերվել:
«Ես կապի մեջ եմ եղել այդ օրվա բժիշկների հետ, նրանք ինձ փոխանցել են, որ Մերիի վիճակը եղել է բավարար»,- ասաց Շուշանիկ Բախշյանը:
Թե ինչու մինչեւ հուլիսի 27-ին առավոտյան արյան լրացուցիչ բիոքիմիական անալիզ չի վերցվել, Բախշյանը նշեց, որ դա հերթապահ անձնակազմն է որոշում: Մարինե Թովմասյանի հարցին՝ այդ դեպքում ինչու էին իրեն զանգում եւ բուժման տակտիկա մշակում, ամբաստանյալը պատասխանեց. «Ինձ տեղյակ էին պահում, բայց յուրաքանչյուր փաստաթղթի տակ ստորագրում էր օրվա հերթապահը: Իրենք անում էին իրենց պարտականությունը՝ ինձ հետ խորհդակցելով»:
Նշենք, որ հուլիսի 26-ին հերթապահ բժիշկն էլ եղել է Տիգրան Սարգսյանը:
Շուշանիկ Բախշյանի հարցաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ այս գործով կա երկու ամբաստանյալ` Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը:




























