Գաղտնի փաստաթղթեր հրապարակած Wikileaks-ի նյութերում Էրդողանը եւ մի շարք թուրք նախարարներ մեղադրվում են կաշառակերության մեջ:
Թուրքական Aksam-ը փոխանցում է, որ Wikileaks-ի փաստաթղթերից մեկը, որը թվագրվում է 2004-ի դեկտեմբերի 30-ով, տեղեկացնում է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շվեցարական 8 տարբեր բանկերում հաշիվներ ունի։
Ըստ հիշյալ փաստաթղթի՝ Թուրքիայի իշխող կուսակցության մի շարք նախարարներ եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապ ունեն անօրինականությունների հետ։ «Էրդողանի կուսակիցները մեզ տեղեկացրել են, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նահանգային ներկայացուցիչների, նախարարների ընտանիքների միջեւ շահերի վերաբաշխման համար լուրջ բախումներ եւ անօրինականություններ են տեղի ունեցել։ Մեր երկու տարբեր աղբյուրների վստահեցմամբ՝ Էրդողանը շվեցարական 8 տարբեր բանկերում դրամական հաշիվներ ունի։ Այն խոսակցությունները, թե Էրդողանը ունեցվածքը կուտակել է տղայի հարսանիքին ստացած նվերների հաշվին եւ 4 երեխաների ուսման վարձերը վճարվում են հարուստ թուրք գործարարների կողմից, պարզապես մակերեսային են»,-նշվում է փաստաթղթում։
Փաստաթղթերում ներկայացվում է, որ ամենաշատը անօրինականությունների մեջ մեղադրվում են Թուրքիայի ներքին գործերի այն ժամանակվա նախարար Աբդուլքադիր Աքսուն, պետնախարար, արտաքին առեւտրի պատասխանատու Քյուրսաթ Թյուզմենը եւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Մեհմեդ Մուեզինօղլուն։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե իրենք կսպասեն մինչեւ Wikileaks-ը հրապարակի բոլոր փաստաթղթերը, որից հետո կուսումնասիրեն եւ կմեկնաբանեն։ «Wikileaks-ի փաստաթղթերը վտանգավոր են եւ կասկածելի»,-ընդգծել է Էրդողանը:





























