Իրանի հանդեպ միջազգային հանրության քաղաքականությունը ձախողվել է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ: Այսպիսի տվյալներ է հրապարակել Wikileaks կայքը:
Ալիեւի կարծիքով, Իրանն իրեն «վստահ, հանգիստ եւ անմիջական է զգում»: Ալիեւն ասել է, թե «չի հասկանում ԱՄՆ կառավարության քաղաքականությունը», հավելելով, որ Ահմադինեժադը պնդել է, թե «այրել է կամուրջները» ատոմային հարցում եւ ուղիղ նախազգուշացրել Ալիեւին, թե Իրանը կհարձակվի այն տեղի վրա, որտեղից «կենթակվի հարձակման»:
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ միշտ կա Թեհրանի կողմից հակաադրբեջանական գործողությունների հավանականոթյուն, եւ Բաքվի քաղաքականությունն ուղղված է լինելու, որ նվազեցնի պոտենցիալ ռիսկերը:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը նախարարն անհանգստություն է հայտնել «իրանական սցենարի» կապակցությամբ: Ըստ Մամեդյարովի՝ Իրանը ցույց է տալիս, թե չի սպասելու, մինչ Ադրբեջանը շարժվի ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի կողմը ղարաբաղյան հակամարտության հնարավոր կարգավորման համար:
Բացի այդ, նա ասել է, թե «Իրանը չի ցանկանում, որ մենք շարժվենք կարգավորման ուղղությամբ, քանի որ գիտեն, թե հակամարտությունը միակ լուրջ խնդիրն է, որին բախվում է Ադրբեջանը, եւ քանի դեռ հակամարտությունը կա, Ադրբեջանը միշտ ճնշման տակ կլինի: Մամեդյարովն ասել է, թե Ռուսաստանի եւ Իրանի դիրքորոշումներն այդ հարցում շատ նման են:





























