Հայաստանում Beeline-ը «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է «Հուսո առագաստ 2017» հեղինակային երգի միջազգային փառատոնի անցկացման մասին: Փառատոնը տեղի կունենա հուլիսի 14-16-ը Գեղարքունիքի մարզում՝ Շորժա գյուղին հարակից «Վիշապ» լողափում:
Փառատոնի ընթացքում հանդես կգան ինչպես հայ, այնպես էլ երկու տասնյակից ավելի այլազգի անվանի եւ սկսնակ հեղինակ-կատարողներ (Ռուսաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից)։
Փառատոնն ընթանալու է 2 փուլով։ Նախընտրական փուլի ժամանակ կլինեն լսումներ, եւ ընտրված 10 մասնակիցները կանցնեն եզրափակիչ։ Եզրափակիչ փուլը, որի ընթացքում տեղի կունենա հեղինակային երգի եռօրյա համերգաշար, կանցկացվի Սեւանի ափին։ Փառատոնի ավարտին կհանձնվեն հավաստագրեր, շնորհակալագրեր եւ խորհրդանշական նվերներ, ինչպես նաեւ տեղի կունենա մեծ գալա համերգ։ Այս տարի ժյուրին գլխավորում է երգահան Էդուարդ Զորիկյանը, ժյուրիի անդամներն են հեղինակ-կատարողներ Արմինե Հայրապետյանը եւ Սարգիս Շիբոյանը։
«Արդեն երկրորդ տարին է ինչ Beeline-ը մեծ սիրով աջակցում է այս փառատոնի ացնկացմանը, որը ոչ միայն նպաստում է հեղինակային երգի տարածմանը, այլ նաեւ տոն է պարգեւում հեղինակային երգի սիրահարներին։ «Հուսո առագաստը», որն այս տարի դուրս է եկել Հայաստանի սահմաններից, թույլ է տալիս հայտնաբերել տաղանդավոր սկսնակ հեղինակ-կատարողների, խթանել նրանց ստեղծագործական գործունեությունը եւ նոր հեռանկարներ բացել նրանց առջեւ։ Բացի այդ, այն առանձնահատուկ մշակութային միջավայր է ստեղծում երկրում եւ օգնում է կյանքը փոխել դեպի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Այս 3 տարիների ընթացքում «Հուսո առագաստը» հասցրել է իր շուրջը համախմբել ոչ միայն բազմաթիվ նորահայտ ու տաղանդավոր ստեղծագործողների, այլեւ հեղինակային երգի հարյուրավոր սիրահարների։ Հայտատուների պակաս բնավ չի զգացվում, հանդիսատեսն էլ սպասում է փառատոնին։ Իսկ «Հուսո առագաստ-2017»-ը նոր հորիզոն է փառատոնի պատմության մեջ, քանի որ միջազգային սահմաններ է ներառում», - ասել է ժյուրին նախագահող Էդուարդ Զորիկյանը։
Նշենք, որ փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ հուլիսի 7-ը լրացնել առցանց հայտը եւ [email protected] հասցեին ուղարկել հեղինակային մեկ երգ (mp3 ձեւաչափով), դրա տեքստը եւ մեկ լուսանկար։ Պարտադիր է, որ հայտատուն ներկայացնի ի՛ր հեղինակային երգը եւ անձամբ հանդես գա կիթառի կատարմամբ։
Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը Հայաստանում:




























