Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ հունիսի 28-ի իր նիստում րոշմամբ  պատասխանատվության է ենթարկել «Վիքիպեդիա» ընկերությանը:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել  «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը, որը հանդիսանում է միջազգային հայտնի «Վիքիմեդիա Հիմնադրամ» կորպորացիայի գործընկերը Հայաստանում: Կազմակերպությունը հայտնել է, որ իրենց հայտնի նախագծերից է «Wikipedia» ազատ հանրագիտարանը, որը  նպատակ է հետապնդում «Wikipedia» տիրույթում հայկական վիրտուալ բովանդակության մեծացմանը եւ տարածմանը` նպաստելով հանրության կրթական մակարդակի բարձրացմանը: Կազմակերպությունը հայտնել է, որ Հիմնադրամի նախագծերում տեղադրված տեղեկատվությունը հասարակությանը տրամադրվում է անվճար եւ հասանելի է բոլորին:

Սակայն, ըստ դիմում-բողոքի, Հայաստանում գրանցվել եւ գործում է մեկ այլ ընկերություն՝ «Վիքիպեդիա»  անվանումով, որը տարբեր կազմակերպությունների դիմելով՝ առաջարկում է պատվիրել վճարովի հոդվածներ եւ այն տեղադրել www.wikimediaarmenia.am կայքում:

ՏՄՊՊՀ վարույթի ընթացքում պարզվել է, որ ընկերությունը վճարովի ծառայություններ է մատուցել մի շարք մարզպետարանների, քաղաքապետարանների, բուժհաստատությունների, տասնյակ իրավաբանական անձանց: Պարզվել է նաեւ, որ ընկերությունն առանց թույլտվության օգտագործում է Հիմնադրամին պատկանող ապրանքային նշանը եւ իրականացնում է գործունեություն, որը դեմ է Հիմնադրամի առաքելությանը, նպատակներին եւ սկզբունքներին: Նման վարքագիծը, անվանման շփոթություն առաջացնելուց բացի,  վնասում է Հիմնադրամի վարկարժեքին, քանի որ «Վիքիպեդիա»  անվանումը մշտապես ասոցացվել է լայն հանրությանը հասանելի անվճար տեղեկատվություն տրամադրող ինտերնետային հարթակի հետ:

ՏՄՊՊՀ որոշմամբ, «Վիքիպեդիա»  ընկերությունը դրսեւորել է անբարեխիղճ մրցակցության վարքագիծ՝ ստեղծելով եւ օգտագործելով այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային նշանը՝ վնասելով նրա վարկարժեքին: Օրենքի խախտման համար, ընկերությունը ստացավ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով: