Լեռնային Ղարաբաղում գերիշխում է խաղաղության ոգին՝ փողոցներում մարդիկ ունեն բարյացակամ ժպիտներ, վաղվա օրվա հանդեպ հանգստություն ու վստահություն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը, որը ճանաչողական այցով գտնվում է ԼՂՀ—ում։
Նրա խոսքով, ինքն այստեղ է եկել մի կողմից իսրայելական փորձը փոխանցելու, մյուս կողմից էլ ՝ ավելի շատ բան իմանալու ու սովորելու համար։ «Այն, ինչ ես տեսա Ղարաբաղում, շատ է տարբերվում իմ պատկերացումներից, ես քիչ բան չեմ կարդացել, բայց այդ ամենը հակամարտությանը վերաբերող տեղեկություններ էին։ Շատ կարեւոր է մարդկանց տեղեկացնել, որ այստեղ ապրում է մոտ 150 հազար մարդ, որոնք ստեղծագործական աշխատանքով են զբաղված։ Կրթության մակարդակն այստեղ արտասովոր բարձր է, մշակութային կյանքը, դաստիարակությունը, մարդիկ զբաղվում են արարելով ու կարող են այդ իմաստով կամուրջ դառնալ շատ ուրիշ տարածաշրջանների համար։ Նա,ով ժամանում է այստեղ, հաղորդակից է դառնում հին պատմությանը ու նրան, որ Ղարաբաղում ապրող մարդիկ տրամադրված են արարչագործությանը, ստեղծագործությանը»,- իր տպավորություններն է պատմել Էսկինը։ Ղարաբաղում, շարունակեց նա, զարգացած է գյուղատնտեսությունը, կա սեփական արտադրություն։ «Գուցե հենց այն, որ մարդիկ հակամարտության վիճակում են գտնվել, խթանել է կրթության զարգացումը։ Մենք տեսնում ենք, որ այստեղ չկա հանցավորություն, առհասարակ քրեական թեմա չկա ։ Շատ հանգիստ ու բարյացակամ մթնոլորտ է փողոցներում։ Ու ես կարծում եմ, որ նրանք , ովքեր տեսնում են դա, հասկանում են, որ խաղաղությունը անհրաժեշտ է ու հնարավոր»,- շեշտել է իսրայելցի հասարակական գործիչը։
Նշենք, որ Ավիգդոր Էսկինի ճանաչողական այցելությունը կազմակերպված է եղել Diplomat.am նախագծի նախաձեռնությամբ։ Ստեփանակերտում իսրայելցի գործիչը հանդիպել է ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ, ներկայացրել Իսրայելի քաղաքականությունը՝ Հարավային Կովկասի իրադարձությունների կապակցությամբ ու Իսրայելի եւ Լեռնային Ղարաբաղի համագործակցության վերաբերյալ իր տեսակետները։





























