2010 թ. ապրիլի 1-ից սկսած Հայաստանում գործում է տեխնիկական զննության կայանների համակարգչային ցանց։ Ցանցը հնարավորություն է տալիս ավտոմեքենաների տեխզննության կտրոնների կեղծումը հասցնել նվազագույնի։
Նախարարության հասարակության հետ կապերի բաժնից NEWS.am- Ինովացիայի թղթակցին տեղեկացրին, որ մինչ օրս վերոնշյալ համակարգչային ցանցի միջոցով տեխզննում է անցել 190 հազար մեքենա։ Իսկ մինչ այդ 35 հազար մեքենա արդեն տեխզննում անցել էր: Ստացվում է, որ ընդհանուր թվով 225 հազար մեքենա տեխզննում է անցել:
Նշենք, որ Հայաստանում հաշվառված է մոտ 430 հազ. մեքենա։ Ստացվում է՝ հանրապետությունում մեքենաների գրեթե կեսը երթեւեկում է առանց տեխզննության:
Ընդհանուր առմամբ՝ ցանցին միացած է Հայաստանում գործող 31 տեխզննման կայան։ Դրանցում ավտոմեքենաների տեխզննության վերաբերյալ գրանցված ինֆորմացիան՝ ստուգման տեւողությունը եւ այլ տվյալներ անմիջապես ցանցի միջոցով փոխանցվում են տրանսպորտի եւ կապի նախարարութուն, Հայաստանի տրանսպորտային տեսչություն եւ Հայաստանի ոստիկանություն: Ստացված տվյալները տրանսպորտի եւ կապի նախարարությունը ուղարկում է Երեւանի քաղաքապետարան, Զինկոմիսարիատ, ինչպես նաեւ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Յուրաքանչյուր գերատեսչություն ստանում է իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը։
Տեխզննման կայանների համակարգչային ցանցի կիրառումը հեշտացնում է ոչ միայն վերոնշյալ նախարարությունների եւ կառույցների աշխատանքը, այլեւ հնարավորություն է տալիս վերահսկողությունն ավելի արդյունավետ իրականացնել։ Այն ձեռնտու է նաեւ վարորդներին, քանի որ ապահովագրում է նրանց ավելորդ քաշքշուկներից։





























