Արցախի հարցով բանակցություններում առաջընթացի համար ադրբեջանական կողմը պարզապես պետք է հարգի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները։ Այս մասին հունիսի 29-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այդ համաձայնություններում ասվում է ԵԱՀԿ դիտորդական խմբի լայն լիազորությունների եւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին։ Հարցին, արդյո՞ք հնարավոր է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, Քոչարյանը պատասխանեց, որ հարցն այդպես չէ դրված։

«Պարզապես ադրբեջանական կողմը պետք է կատարի անցյալ տարի ստանձնած պարտավորվածությունները։ Նա հրաժարվում է դա անել։ Իսկ չդադարող սադրանքների պայմաններում դժվար է մտածել բանակցություններում առաջընթացի մասին»,- արձանագրեց ԱԳ փոխնախարարը։