Կառավարության ներկայիս կազմը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է իմ եւ մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, կառավարությանում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, իրենց թիմը միասնական է գործելու ինչպես գործադիրում եւ օրենսդիրում, այնպես էլ ՏԻՄ-երում:
«Ես որպես ՀՀ նախագահ եւ ՀՀԿ-ի ղեկավար, ինչպես նաեւ դուք բոլորդ, վստահ եմ, չունենք որեւէ նախապաշարում: Մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների շրջանակներում, ՏԻՄ-երում եւ անգամ նշված կառույցներից դուրս: Նման համագործակցության համար մեր կողմից միակ նախապայմանն է քաղաքավարության եւ բարեկրթության նորմերի պահպանումը: Ընդ որում, ընդգծեմ, որ քննադատությունը նշածս նորմերի խախտում չենք համարում: Հատկապես, եթե այն կառուցողական է եւ նպատակ ունի բարելավելու իրավիճակը»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին, Սերժ Սարգսյանն ասաց. «Ակնկալում են, որ Դուք պատվով կլուծեք մեր բոլորի առջեւ դրված բոլոր խնդիրները: Հավատում եմ, որ կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կկարողանա ամբողջությամբ անել դա: Մեր ժողովուրդը Ձեզ վստահել է այդ առաքելությունը: Շարունակեք աշխատել էնտուզիազմով»:











