Կառավարությունը շարունակելու է հետեւողականորեն աշխատել մեզ համար արտաքին քաղաքական միջավայրը բարելավելու ուղղղությամբ, բայց պատրանքներ չպետք է ունենանք: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, կառավարությանում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք պետք է աշխատենք ելնելով այն կանխադրույթից, որ մեր անբարյացկամ հարեւանների հետ հարաբերություններում որեւէ դրական փոփոխություն այժմ տեղի չի ունենում»,-ասաց նա:
Սերժ Սարգսյանի խոսքով, վերջին տարիներին հաճախ են հնչում չինացիներին վերագրվող ասացվածքը, ըստ որի՝ անեծք է որեւէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ. «Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն, իսկապես, դժվար է, սակայն նաեւ հետաքրքիր», - ասաց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ ակնկալում է, որ գործադիրը շահախնդրությամբ եւ պատվախնդրությամբ կիրականցնի ծրագրերն ու խնդիրները։
«Մենք պետք է իրապես լծվենք այս աշխատանքներին: Հավատում եմ, որ կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կարող է դա ամբողջությամբ անել: Անհրաժեշտ են կարծրատիպերից դուրս ստեղծագործական մոտեցումներ եւ մեր ժողովուրդը հենց ձեզ է վստահել դրանց գտնելու եւ իրագործելու պատվաբեր առաքելությունը, ուրեմն շարունակենք եռանդով աշխատել», - ասաց Սերժ Սարգսյանը։
Ի պատասխան Կարեն Կարապետյանն իր խոսքում ասաց. «Ուզում ենք ձեզ հավաստիացնել, որ այն ծրագիրը, որը ձեւավորել է մեր թիմը, իրագործելու է: Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ սպասումներ ունի հասարկությունը մեզանից, մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու, սակայն մենք վճռական ենք տրամադրված եւ մեր նախատեսված ծրագիրը իրագործելու ենք»:
Սրան արձագանքեց ՀՀ նախագահը՝ ասելով. «Եթե հեշտ լիներ, մինչեւ հիմա ամբողջը արած պրծած կլինեինք: բոլորս դա գիտակցում ենք, բոլորիս հաջողություն եմ մաղթում»:





























