«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը խոշտանգվել է ամենադաժան եւ ամենաանմարդկային ձեւով: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Երեւանի Ավան եւ Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում մոտ 15 մարդ հերթով ծեծել են Արայիկ Խանդոյանին: Պատճառն այն է եղել, որ երբ Արեգ Կյուրեղյանին եւ Մխիթար Ավետիսյանին տշելով տարել են, Արայիկը հարցրել է, թե որն է պատճառը, այդ մարդիկ սկսել են նրան ծեծել: Արայիկ Խանդոյանն առնվազն ուղեղի ցնցում է ստացել, հարվածներ է ստացել գլխի, երիկամների եւ ոտքերի շրջանում, բավականին երկար ժամանակ ծեծել են նրան: Ես տեղեկություն ունեմ, որ Սմբատ Բարսեղյանին եւ Գագիկ Եղիազարյանին նույնպես դաժան ձեւով ծեծել են»,- ասաց պաշտպանը:
Պապիկյանը հայտնեց, որ Արայիկ Խանդոյանն այժմ լուրջ բուժօգնության կարիք ունի, իսկ ՔԿՀ-ում միայն երկու անգամ զարկերակային ճնշումն են չափել: Փաստաբանը հույս ունի, որ դատախազությունը գոնե քաջություն կունենա հայտարարելու, որ նյութերն են նախապատրաստվում:
«Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ իր հերթին պետք է ապահովեր ամբաստանյալների անվտանգությունը, նա պետք է համարձակություն ունենա ինքնաբացարկ հայտնելու, ինքն աչք է փակել անազատության անձանց նկատմամբ բռնություն կիրառելու վրա»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
Կատարվածի վերաբերյալ փաստաբանները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հունիսի 28-ին, բախում էր տեղի ունեցել ամբաստանյալների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել էին ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Սմբատ Բարսեղյանին: Այս ամենը տեսնելով՝ դահլիճում գտնվող հարազատները սկսել էին գոռգոռալ եւ հարվածել ապակիներին: Կարգադրիչները հեռացրել էին հարազատներից մի մասին: Պաշտպանները ավելի ուշ ահազանգել են, որ իրենց պաշտպանյալներին դատարանի նկուղում ծեծի են ենթարկել:











