ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը Wikileaks-ում կազմակերպվել է ամերիկյան կառավարության կողմից: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
«Այդ տեղեկատվության հրապարակումը արտահոսք չէ, այն կազմակերպվել եւ իրականացվել է ամերիկյան վարչակազմի կողմից: Այդ փաստաթղթերը իրավաբանական ուժ չունեն եւ քաղաքական արդյունք էլ չեն ունենա»,- ըստ Press TV-ի` ասել է նա:
Որոշ փաստաթղթերում արտացոլված է պարսից ծոցի արաբական երկրների թշնամական վերաբերմունքը Իրանի հանդեպ, նկատում է Reuters գործակալությունը:
Մեկնաբանելով փաստաթղթերի հրապարակումը, Ահմադինեժադը նշել է, թե նման գնահատականների հրապարակումները չեն ազդի «պետությունների միջեւ հարաբերությունների» վրա:
«Տարածաշրջանի բոլոր պետությունները բարեկամություն են անում իրար հետ: Wikileaks-ի հրապարակածը նույնիսկ չարժե, որ մեկնաբանվի, եւ չարժե ժամանակ ծախսել դրանց վրա»,- նկատել է Իրանի նախագահը:





























