Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի կայքից ենթադրաբար բեռնված փաստաթղթերում Հայաստանին առնչվող գաղտնազերծումները:
«Ես ձեռնպահ եմ մնում այլ երկրի ներքին գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ մենկաբանություններից», - մասնավորապես ասել է Ա. Արզումանյանը:
Հիշեցնենք, որ Wikileaks կայքը հանդես է եկել ԱՄՆ պետական պաշտոնյաների գաղտնի փաստաթղթերի բացահայտմամբ: Մասնավորապես, Հայաստանի մասով հրապարակվել է 2008թ.-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոպոնտեի նամակն ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում նա իր անհանգստությունն է հայտնել զինամթերքի ձեռք բերման հարցում Իրանին աջակցելու կապակցությամբ: Ներգրոպոնտեն նշել է, որ ԱՄՆ-ը Հայաստանին դիտարկում է որպես բարեկամ երկիր, սակայն, եթե Հայաստանը շարունակի աջակցել Իրանին զինամթերքի ձեռք բերման հարցում, ապա ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ` ինչը կարտահայտվի ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող օգնության ծավալների կտրուկ կրճատմամբ եւ արտահանման որոշակի սահմանափակումների կիրառմամբ:
Նամակում նշված են նաեւ մի շարք միջոցառումներ, որոնք պատժամիջոցներից խուսափելու համար պետք է իրականացվեն Հայաստանի կողմից:
Ըստ այդ զեկուցագրերից մեկի, 2003թ.-ին Հայաստանի օգնությամբ և տարածքով Իրանը ձեռք է բերել գնացիրներ և հրթիռներ, որոնք 2007թ.-ին հայտնվել են Իրաքի շիա գրոհայինների մոտ, և որոնց միջոցով սպանվել է ամերիկյան մեկ զինածառայող և երկու քաղաքացիական անձ:





























