Այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին ջրծաղիկով հիվանդացության դեպքերի աճ է գրանցվել Սյունիքի մարզում: Հայաստանի առողջապահության նախարարության տվյալներով, արձանագրվել է 126 դեպք:
Հայաստանի ԱՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ են ձեռնարկվում:
Մասնագետները նշում են, որ ջրծաղիկը սուր, բարձր վարակելիությամբ օժտված, օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, որը տարածված է ամենուր:
Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90 տոկոսը հիվանդանում է ջրծաղիկով մինչեւ 15 տարեկանը, իսկ առնվազն 95 տոկոսը` մանկական տարիքում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսն անկայուն է շրջակա միջավայրում, որի հետեւանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի եւ հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով:
Հիվանդության գաղտնի շրջանը 21 օր է: Հիվանդությունը սովորաբար թեթեւ է ընթանում` աննշան ջերմությամբ, չափավոր ախտանշաններով եւ մաշկի բշտիկավոր ցանավորմամբ: Իրականացվող հակահամաճարակային միջոցառումները հիմնականում ուղղված են դեպքերի տեղայնացմանը եւ վարակի հետագա տարածման կանխմանը:





























