Սոցիալական ցանցերը Հայաստանում, ինչպես նաեւ ողջ աշխարհում մեծ տարածում ունեն, սակայն այդ ցանցերի կազմակերպիչների մասին տեղեկատվություն ստանալը, պարզվում է, այնքան էլ հեշտ չէ։
Մի քանի տարի առաջ Հայասատանում թիվ մեկ սոցիալական կայքը Օdnoklassniki.ru-ն էր։ Սակայն վերջին տվյալներով՝ այն զիջում է Facebook-ին։ Այսպես՝ Facebook-ից օգտվողների թիվը ներկայում գերացանցում է 100 հազարը։ Facebook-ը գերադասում են հիմնականում մտավորականներն ու պետծառայողները։ Հատկանշական է, որ Facebook-ում վերջին շրջանում նկատվում են լուսանկարներ, որոնց վրա կա Օdnoklassniki.ru կայքի նշումը։
NEWS.am-ը փորձեց նաեւ պարզել, թե որքան է Օdnoklassniki.ru-ից օգտվողների թիվը Հայաստանում։ Սակայն լրագրողական այս սովորական հարցումը վերաճեց թվաբանական անլուծելի խնդրի։ Մեզ հաջողվեց ճշտել, որ Օdnoklassniki.ru սոցիալական ցանցի ներկայացուցիչը Հայաստանում IT master ընկերությունն է, որը հիմնականում զբաղվում է համակարգչային տեխնիկայի, ցանցային եւ ծրագրային ապահովման բիզնեսով։ Սակայն ընկերության կայքէջում նշում չկա այն մասին, որ հանդիսանում են Օdnoklassniki.ru-ի պաշտոնական ներկայացուցիչը։
Երբ զանգեցինք ընկերություն՝ չհերքեցին, որ ներկայացնում են Օdnoklassniki.ru-ն։ Բազմաթիվ փորձերից հետո ընկերության անունից հանձն առավ հարցերին պատասխանել ոմն երիտասարդ, որն այդպես էլ չցանկացավ ներկայանալ։ Նշենք, որ ընկերության տնօրենը Սուրեն Երիցյանն է, որն այդպես էլ 5 րոպե չգտավ հաղորդակցվելու համար:
Ընկերության «չբացահայտված» աշխատակիցը տեղեկացրեց, որ Հայաստանում Օdnoklassniki.ru-ից օգտվում է 30-40 հազար մարդ։ «Սոցիալական ցանցում դրական փոփոխությունները նկատելի են եւ օգտվողների ոչ թե նվազում, այլ աճ է նկատվում, քանի որ Օdnoklassniki.ru-ն ավելի բարելավվում է իր կառուցվածքը»,- ասաց սույն աշխատակիցը։ Երբ խնդրեցինք ներկայանալ՝ նա հանկարծ հրաժարվեց իր ասածներից, իրեն ներկայացրեց որպես «սովորական օգտվող»։ Նման անլուրջ վերաբերմունք հազարավոր քաղաքացիների կողմից սիրված սոցիալական կայքի ադմինիստրացիայից, անկեղծ ասած, չէինք սպասում:
Լուսինե Մովսիսյան





























