Այսօր` նոյեմբերի 29-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, ում հետ քննարկել է դեկտեմբերի սկզբին նախատեսվող Հայաստան-ԵՄ Խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ Հայաստանի արտգործնախարարի՝ Բրյուսել կատարելիք այցելության մանրամասները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ամփոփելով Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընթացիկ տարվա ձեռքբերումները` կողմերը գոհունակությամբ նշել են, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե′ բազմակողմ, թե′ անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով:
Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:
Կողմերը մտքեր են փոխանակել Արեւելյան գործընկերություն ծրագրի համատեքստում Ասոցիացման համաձայնագրի մշակման, Ազատ առեւտրի խորացման եւ համապարփակ համաձայնագրի կնքման, մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ:
Զրուցակիցներն անդրադարձել են արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

























