Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 30-ին,  Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալներից Սասունիկ Կիրակոսյանի ինքնազգացողությունը վատացավ: Նրա շահերի պաշտպան Կարեն Հակոբյանը դատարանին միջնորդեց նիստը ընդմիջել: Դատարանը նիստը կես ժամով ընդմիջեց:

Նշենք, որ այսօրվա նիստին ներկա չեն ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Ժողոսյանն ու Գեւորգ Սաֆարյանը, նրանց նկատմամաբ դատարանը նախորդ դատական նիստին դատական սանկցիա էր կիրառել եւ հեռացրել նիստերի դահլիճից. Սեֆիլյանը՝ 6 ժամով, Ներսես Պողսյանը 5 ժամով, իսկ Սաֆարյանը՝ 3 ժամով:

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար: