System of a Down (ԱՄՆ) ռոք խումբը պաշտոնապես հայտարարել է, որ ավարտվում է իրենց ստեղծագործական արձակուրդը, որում խումբը գտնվում էր վերջին 5 տարիներին:
Այսպես. 2011-ի ամռանը հայազգի երաժիշտները կմեկնեն եվրոպական շչջագայության, որի ընթացքում հանդես կգան խոշոր փառատոններում:
Դեռեւս խմբի պաշտոնական կայքում հաստատված է 10 համերգ, այդ թվում Rock am Ring, Greenfield, Download, Novarock, Metaltown եւ այլ փառատոններում: Դրանք բոլորը տեղի են ունենալու հունիսին: մասնավորապես, System of a Down-ը համերգներ կտա Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Շվեդիայում եւ Ֆինլանդիայում:
Ավելի վաղ խմբի մենակատար Սերժ Թանկյանը պատմել էր, որ 2010-ի ամռանը System of a Down-ի տղաները հավաքվել էին խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանի հարսանիքին:
«Մենք զրուցեցինք, մենք դեռ ընկերներ ենք եւ ոչինչ չի փոխվել: Մենք համերգների շատ հրավերներ ենք ստանում, որոնք քննարկեցինք Շավո Օդաջյանի հարսանիքի ժամանակ»,- ասել էր Թանկյանը:
System of a Down ռոք խումբը ձեւավորվել է 1995-ին Լոս Անջելեսում, որի կազմում եղել են հայաստանցի մենակատար Սերժ Թանկյանը, կիթառահար Դարոն Մալաքյանը, բաս կիթառահար Շավո Օդուջյանը եւ հարվածային գործիքներ նվագող Ջոն Դոլմայանը: Իր ողջ կարիերայի ընթացքում խումբը թողարկել է 5 ալբոմ, որոնցից բոլորն էլ դարձել են պլատինե:
Այս տարվա օգոստոսին Սերժ Թանկյանը համերգով հանդես եկավ Երեւանում եւ մասնակցեց մի շարք միջոցառումների:



























