Բունդեսթագն արձակուրդներից առաջ իր վերջին նիստում հավանություն է տվել օրինագծին, որով Facebook–ին եւ մյուս սոցցանցերին կպարտավորեցնի հեռացնել այն գրառումները, որոնք ատելության կոչեր են պարունակում, եւ կեղծ տեղեկություններ։ Օրենքն ընդունվել է հունիսի 30–ին՝ իշխող կոալիցիայի պատգամավորների քվեարկությամբ, փոխանցում է DW–ն։
Ընդունված օրենքի համաձայն՝ խոշոր սոցցանցերը, ինչպիսին են Facebook–ը, Twitter–ը, Youtube–ը, բողոքն ստացվելուց հետո 24 ժամվա ընթացքում պարտավոր են հեռացնել օգտատերերի հրապարակած հակաիրավական տեղեկությունները։ Հակառակ դեպքում նրանց մինչեւ 5 մլն եվրոյի դրամական տուգանքներ կսպառնան։ Դրանից զատ, սոցցանցերի ադմինիստրատորները պետք է կես տարին մեկ հրապարակեն ջնջված հաղորդագրությունների ցանկը։ Հուլիսի 7–ին օրենքը կքննարկվի Բունդեստրատում։
Արդարադատության դաշնային նախարար Հայկո Մասը հայտարարել է, որ օրենքով կարծիքի ազատությունը չի սահմանափակվում, այլ դրա իրականացման համար պայմաններ են ստեղծվում։ Բունդեսթագում ընդդիմության հետ միասին այլ տեսակետի է հարում ՄԱԿ–ի խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Դեւիդ Քայեն եւ «Թղթակիցներ առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։ Նրանք նշում են, որ խոսքը կարծիքի ազատության ակնհայտ սահմանափակումների մասին է։ Facebook–ի ղեկավարությունը կարծում է, որ օրենքը հակասում է եվրոպական իրավունքի նորմերին։





























