Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի  նախագահների հանդիպումից առաջ  ադրբեջանցի որոշ քաղաքագետներ   կանախատեսումներ են արել  հանդիպման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական  «Ուչ  նոքթա» (Երեք կետ) ինտերնետային կայքէջը, «Ի՞նչ կլինի Աստանայում»  հարցին նրանք հիմնականում պատասխանել են, որ Սարգսյան-Ալիեւ  հանդիպման արդյունքներով որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի:  

«Արեւելք-Արեւմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ էրեսթուն Օրուջլուն նշել է, որ թեեւ վերջին ժամանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում ակնհայտ ակտիվություն է նկատել, բայց Աստանայում  ինչ-որ կարեւոր փաստաթղթի  ստորագրում չի կանխատեսում:  

Քաղաքագետ Ջումշուդ Նուրիեւն էլ գտնում  է,  որ այնքան ժամանա, քանի դեռ  բանակցություններն ընթանում են Մոսկվայի միջնորդությամբ` Ադրբեջանի համար բերենպաստ հանգուցալուծում չարժե սպասել:  

Մեկ այլ քաղաքագետ` Գաբիլ Հուսեյնլին էլ նշել է. «Հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված որեւէ փաստաթղթի ստորագրում չեմ ակնկալում: Ավելին,  հնարավոր է, որ այլ դետալներ առաջ գան»:

Քաղաքագետ Էլխան Շահինօղլուն իր հերթին նշել է. «Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ  կողմերը հիմնական սկզբունքների շուրջ տեսակետները  չեն մերձեցրել,  իսկ սա նշանակում է, որ   եթե Աստանայում ինչ-որ համատեղ փաստաթուղթ ստորագրվի` ապա կլինի այն, ինչ տեսանք Մոսկվայում եւ Աստրախանում: Այնպես որ,  կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրող եւ հիմնարար սկզբունքները արտացոլող  փաստաթուղթ  չի ստորագրվի»:

Քաղաքագետ Ռազի Նուրուլաեւն էլ Աստանայի գագաթաժողովը դիտարկել է    ԱՄՆ-Ռուսաստան շահերի բախման տեսանկյունից: Ըստ նրա, ԱՄՆ-ը ցանկանում եւ պահանջում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում, իսկ Ռուսաստանը`  ժամանակ ձգձգելու համար  իմիտացիաներ է անում:

«Այս անգամ էլ այդպես կլինի: Վաշինգտոնի գրոհներին Մոսկվան կպատասխանի խորամանկությամբ եւ ըստ իս, իր ուզածին կհասնի»,- նկատել է նա: