Ստեփանակերտում այսօր՝ հուլիսի 1-ին, տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) հերթական՝ 5-րդ համագումարը, որը լիազորել է Արցախի ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցությանը հուլիսին խորհրդարանի կողմից նախագահի ընտրություններում առաջադրելու Բակո Սահակյանի թեկնածությունը:

ԱԺԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համագումարի օրակարգը ներառում էր ԱԺԿ Կենտրոնական խորհրդի  հաշվետվությունը 2014-2017թթ. գործունեության եւ կուսակցության առաջիկա անելիքների  ու ռազմավարության մասին,  վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը, ԱԺԿ կենտրոնական խորհրդի, կենտրոնական վերստուգիչ – վերահսկիչ հանձնաժողովի կազմերի ընտրությունը, ԱԺԿ դիրքորոշումը՝ խորհրդարանի կողմից առաջիկայում Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հարցում:

ԱԺԿ խորհրդի նախագահ, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ամփոփելով եռամյա աշխատանքը, անդրադարձել է վերջին խորհրդարանական ընտրություններում կուսակցության մասնակցությանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացին կուսակցության ակտիվ դերակատարությանը, միջազգային համագործակցության ոլորտում ձեռնարկված քայլերին: Զեկույցում ուրվագծվել է արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման հեռանկարների, կրթության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների, ՏԻՄ համակարգի կատարելագործման եւ ԱԺԿ ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ առաջիկա անելիքների ընդհանուր պատկերը:

Համագումարին ներկայացվել է նաեւ վերստուգիչ-վերահսկիչ  հանձնաժողովի հաշվետվությունը՝ վերջին երեք տարիներին կուսակցության ֆինանսական-տնտեսական եւ կազմակերպչական գործունեության մասին:

Կանոնադրության համաձայն համագումարում տեղի է ունեցել նաեւ կուսակցության բարձրագույն մարմինների ընտրությունները: Ընտրվել է 25 հոգուց բաղկացած Կենտրոնական խորհուրդ եւ երեք հոգանոց կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողով: Կենտրոնական խորհրդի նախագահ է վերընտրվել Աշոտ Ղուլյանը:

Օրակարգային վերջին հարցով ելույթ է ունեցել ԱԺԿ Ստեփանակերտի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ Սվետլանա Դավթյանը, ով համագումարին առաջարկություն է ներկայացրել լիազորել «Ժողովրդավարություն» խմբակցությանը հուլիսին խորհրդարանի կողմից նախագահի ընտրություններում առաջադրելու Բակո Սահակյանի թեկնածությունը:

«Ինձ համար դա մեծ պատիվ է եւ հպարտություն, որովհետեւ ես ձեզ երաշխավորում եմ մի մարդու, ով եղել է իմ աշակերտը եւ ով նախորդ տասը տարիներին իր գործով ու անցած ճանապարհով արդարացրել է Արցախի հայության առաջնորդը լինելու համաժողովրդական վստահությունը»,- նշել է Սվետլանա Դավթյանը:

Համագումարը միաձայն ընդունել է առաջարկը, ինչպես նաեւ կուսակցության առաջիկա անելիքների մասին որոշումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախում հուլիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ազգային ժողովն ընտրելու է հանրապետության նախագահին: «Մինչեւ 2020 թվականը՝ անցումային շրջանի համար նախագահին կընտրի Ազգային ժողովը: 2020թ.-ից հետո արդեն կլինեն համաժողովրդական ընտրություններ, ինչպես որ կարգն է»,- մեզ հետ զրույցում նշել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ Արցախի Հանրապետությունը սահմանադրական փոփոխություններով կիսանախագահական կառավարման համակարգից անցում է կատարվել նախագահական համակարգի։

Սահմանադրության անցումային դրույթներով Արցախի գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 40 օր առաջ, ինչպես նաև մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը Հանրապետության նախագահի պաշ¬տոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 30, ոչ ուշ, քան 40 օր հետո ԱԺ խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրա¬պետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:

Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը:

Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքա¬ցի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: