Հայաստանում այսօր՝ հուլիսի 1-ից մեկնարկել է 2017թ. ամառային զորակոչը։ Կենտրոնական հավաքակայանում գործընթացին այսօր հետեւում էր նաեւ Զինված ուժերի շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
Լրագրողների հետ զրույցում Մովսես Հակոբյանը նշեց, որ այս տարի մի շարք նորամուծություններ են արվել:
«Որոշակի փոփոխություններ են արվել. կոշիկների որակն է բարձրացվել եւ ամբողջն արդեն կաշվից է պատրաստված: Արգելվում է այս տարվանից, որ նորակոչիկն իր հետ սնունդ մտցնի հավաքակայան, քանի որ նրանց սնունդը կազմակերպվում է այստեղ: Նորակոչիկները սննդից գոհ են, հետաքրքրվել եմ»,- ասաց նա:
Զինված ուժերի շտաբի պետը խորհուրդ տվեց բանակ գնացող երիտասարդներին լինել համարձակ, ուժեղ, պատրաստակամ ծառայելու. «Խոստացա նորակոչիկներին, որ իրենց կողքին եմ լինելու»:
Մովսես Հակոբյանն այսօր շրջեց հավաքակայանում, զրուցեց նորակոչիկների եւ նրանց ծնողների հետ, հետաքրքրվեց տրամադրվող սննդից, համազգեստից:
Նշենք, որ այս տարի առաջին անգամ է նաեւ, որ հավաքակայանի բակում կենդանի երաժշտություն է հնչում:











