Քառօրյա պատերազմի մասնակից 21-ամյա Հարություն Բադալյանը մեծ ցավով է հիշում ապրիլյան պատերազմում զոհված իր զինակիցներին. «Վլադիմիր Մելքոնյանը, Նարեկը Գրիգորյանը... այնպիսի հարց եք տալիս, որ...եկեք անցնենք այդ հարցը...»,-հուզված պատասխանում է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիրը՝ չկարողանալով ավարտել խոսքը:
Քիչ անց Հարությունը սկսում է պատմել իր եւ ծառայակիցների կատարած հերոսությունների մասին.
2016թ. ապրիլի 2-ին, ժամը 05:10-ի սահմանում, երբ մարտական դիրքի դիտորդ Հարություն Բադալյանը նկատել է հակառակորդի՝ դիրքին մոտեցող դիվերսիոն խմբին, միանգամից զեկուցել է դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արթուր Աղասյանին: Դիվերսանտներից մեկը փորձել է նռնակ գցել կացարանի մեջ, սակայն, դիրքի ավագ Արթուր Աղասյանը նկատել ու ինքն է պատուհանից նռնակ գցել, վիրավորել դիվերսանտ սպային, ապա ինքնաձիգով ոչնչացրել նրան: Այդ պահին շարքային Հարություն Բադալյանը գետնատնակին մոտեցած 2 դիվերսանտների է նկատում՝ սկզբում կրակում է նրանց ուղղությամբ, վիրավորում, ապա նռնակ նետում ու ոչնչացնում նրանց:
Տեսնելով հակառակորդի 30 հոգանոց դիվերսիոն խմբին՝ առաջինը, որ Հարությունի մտքով անցնում է՝ «էլ չեմ լինին» է, սակայն, նա հավաքում է իր ուժերը եւ սկսում մարտնչել հակառակորդի հետ:
«7-8 րոպե մարտի բռնվելուց հետո վիրավորվել եմ նռնակի բեկորից, ընկա, բայց նկատեցի, որ երկու հոգի մոտենում են կացարանին: Մոտ 2 մետր հեռավորությամբ նրանց դեմ դիմաց դուրս եկա եւ կրակահերթով ոչնչացրեցի»,- հիշում է Հարություն Բադալյանը:
Հակառակորդի շրջանաձեւ հրետակոծության ներքո դիրքի զինծառայողները շրջանաձեւ պաշտպանություն են կազմակերպել եւ մարտի բռնվել դիվերսանտների հետ: Նրանց ոչնչացնելու հետո Հարությունին տեղափոխել են հոսպիտալ, որտեղից զինծառայողը փախչելու փորձ է արել՝ նորից շփման գծում հայտնվելու հույսով:
Ապրիլյան պատերազմից 1 տարի անց Հարություն Բադալյանը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում. 1-ին կուրսի ուսանողն արդեն իսկ հայրենիքի անկախության ու անվտանգության իր բանաձեւն ունի՝ միասնություն եւ համախմբվածություն. «Մենք պետք է միշտ միասնական ու համախմբված լինենք, ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ էր»:
2016թ. ապրիլի 2-ի առավոտյան ժամը 3։30-ին Արդբեջանն անտեսելով 1994թ. հրադադարի ռեժիմը` հարձակվում է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի միանգամից մի քանի ուղղություններով: Օրեր շարունակ հայ զինծառայողները երկարատեւ եւ թեժ մարտեր մղեցին հակառակորդի դեմ. հայկական կողմն ունեցավ 110 զոհ եւ 121 վիրավոր:





























