Հարավային Կովկասում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ հանձնակատար Քրիստիան Վիգենինը Վիեննա այցի շրջանակում հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագիտական եւ ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հանդիպումների ընթացքում ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները։
Վիգենինը Վիեննայում Հարավային Կովկասի իրադարձությունների հետ կապված մի շարք հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Հանդիպումների ընթացքում Վիգենինն ընդգծել է քննարկումների համաձայնեցված ձեւաչափի շրջանակում ջանքերը շարունակելու կարեւորությունը՝ նշելով, որ խորհրդարանական երկխոսության պոտենցիալը կնպաստի քաղաքական կամքին։
«Տարածաշրջանային հակամարտությունները նախկինի պես անթույլատրելի եւ բարձր գին՝ մարդկային կյանք են պահանջում։ Ես մտադիր եմ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի իմ գործընկերների հետ շարունակել քննարկել այն, թե ինչպես մենք կարող ենք օգտագործել մեր քաղաքական ազդեցությունը՝ չընդհատվող պաշտոնական ջանքերին նպաստելու եւ համընդհանուր ու կայուն խաղաղության համար ազդակ ապահովելու նպատակով»,-ասել է Վիգենինը։
Այս շաբաթ Մինսկում տեղի կունենա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նիստը, որին ԵԱՀԿ բոլոր շրջաններից շուրջ 300 խորհրդարանականներ կմասնակցեն։




























