Վեդիի ջրամբարի շինարարության ավարտից հետո Սեւանա լճի ծանրաբեռնվածությունը հնարավոր է նվազեցնել 18 մլն խ.մ.-ով: Հուլիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովում Սեւանից լրացուցիչ ջրառի հարցով կազմակերպված արտահերթ նիստում ունեցած ելույթում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանն առընթեր ջրային տնտեսության կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ջրամբարի ծավալը 29 մլն խ.մ. կլինի, այն կկառուցվի 4 տարվա ընթացքում: Դրանից հետո Արարատի մարզի ֆերմերների ջրի պահանջարկը մեծ մասամբ կբավարարվի տեղի ռեսուրսների հաշվին, իսկ Սեւանա լճից ավելի քիչ ջուր կվերցվի:
Ջրամբարի շինարարությունը մեկնարկել է այս տարի եւ իրականացվում է Ֆրանսիական զարգացման գործակալության տրամադրած 75 մլն եվրոյի վարկային միջոցների հաշվին:




























