ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հանքերի, արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ եւ Իրանի առեւտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջի ղեկավարած պատվիրակությանը եւ քննարկել հայ-իրանական պայմանավորվածությունները ընթացքը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրեն Կարայանը ողջունել է Մոջթաբա Խոսրով Թաջին եւ շնորհակալություն հայտնել այցի համար:

Նախարարի խոսքով՝ պաշտոնյայի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացման ընթացքում են, եւ դրական առաջընթաց կա բոլոր ուղղություններով: Սուրեն Կարայանն առանձնացրել է մասնավորապես արտահանման ապահովագրության ոլորտում Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները եւ միջպետական ստանդարտների համապատասխանության ոլորտում փոխգործակցությունը:

Մոջթաբա Խոսրով Թաջն իր հերթին հաստատել է ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը՝ նշելով, որ երկու երկրների արտահանողների առկա խնդիրները վեր հանելու եւ դրանց լուծումներ տալու նպատակով ստեղծված օպերատիվ խմբերն արդեն արդյունավետ աշխատում են։

«Ձեր այս այցը եւ մեր հանդիպումը եւս մեր պայմանավորվածությունների իրագործման քայլերից մեկն է։ Ուրախ եմ, որ պատվիրակության կազմում են նաեւ Իրանում գյուղտեխնիկայի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ։ Վստահ եմ, որ արդյունավետ համագործակցություն կհաստատվի այս ուղղությամբ եւս»,- նշել է Սուրեն Կարայանը։ Գործարարները հանդիպման ընթացքում ներկայացրել են իրանական գյուղտեխնիկան՝ տարատեսակները, հզորությունները, մատչելիությունը եւ այլ մանրամասներ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը իրանցի գործարարներին է ներկայացրել Հայաստանում գյուղտեխնիկայի պահանջարկի վերաբերյալ տեղեկություններ։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաեւ Հայաստանի կառավարության գյուղատնտեսական ծրագրերը, մասնավորապես՝ գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգի պետական ծրագիրը, որի շուրջ համագործակցությունն առաջարկվել է դիտարկել եւս։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային հանդիպումներ նախաձեռնել ոլորտի հայաստանյան ներկայացուցիչների հետ՝ համագործակցության ձեւաչափը քննարկելու նպատակով։ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի առաջարկով իրանական ընկերությունների ներկայացուցիչները քննարկումներ կանցկացնեն նաեւ Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ։