ԱՄՆ Մոլորակագիտության ինստիտուտի ու Քալիֆորնիական տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ Տիտանի՝ Սատուրնի արբանյակի վրա բնակավայրեր ստեղծելու համար պետք է սովորել էներգիա ստանալ տիեզերական մարմնի վրա հասանելի ռեսուրսներից։ Հետազոտողների խոսքով հարմար հումք կարող  են դառնալ մեթանն ու ացետիլենը, հայտնում է arXiv.org-ը։

Կյանքի համար անհրաժեշտ նյութերի, նաեւ հաստ մթնոլորտի առկայությունը Տիտանը դարձնում են մարդկանց բնակության համար ամենահարմար թեկնածուներից մեկը Արեւային համակարգում։ Հետազոտողների գնահատականով հեղուկ ածխաջրածիններ այնտեղ հարյուրապատիկ շատ կան, քան Երկրի վրա նավթ ու բնական գազ։

Հեղինակները ենթադրում են, որ էներգիայի հարմար աղբյուրներից կարող են լինել միջուկային էլեկտրակայանները։ Ռեակտորների աշխատանքի համար անհրաժեշտ է ռադիոակիվ վառելիք ՝ ուրանի իզոտոպեր, որը կարելի է Երկրից տանել կամ արդյունահանել սիլիկատային ապարներից։ Սակայն, ամենայն հավանականությամ, այն խորը ջրի ու սառույցի շերտի տակ է, դրա համար էլ ընդերքից այն արդյունահանելը շատ աշխատատար ու թանկարժեք կլինի

Էլեկտրականություն ստանալու մեկ այլ տարբերակ կարող է լինել մեթանի այրումն ու ջրի հետագա էլեկտրոլիզը ջրածնի ու թթվածնի։ Վերջին ռեակցիան պահանջում է էներգիա, դրա համար էլ էլեկտրոլիզային սարքավորման գործարկման համար հետազոտողներն առաջարկում են միջուկային էլեկտրակայաններ գործածել։

Գիտնականները նաեւ համարում են, որ արբանյակի վրա, հաշվի առնելով ածխաջրածնային ծովերի առկայությունը, կարելի է հիդրոէլեկտրակայաններ կառուցել։