ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Ռիչարդ Հոգլանդը տեղեկություն են ստացել հուլիսի 4-ի ուշ երեկոյան Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղում բռնության վերսկսման մասին, որը հանգեցրել է զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Այս մասին ասված է հուլիսի 5-ին եռանախագահների տարածած հայտարարությունում:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ են արել: «Բռնությունը միայն հետագա բռնություն է ծնում եւ ոչնչի չի հանգեցնում: Վաղեմի հակամարտությունը լուծելու միակ պատասխանատու եւ մարդասիրական միջոցն այն է, որ կողմերը բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու բարի կամք դրսեւորեն»,- ասված է հայտարարությունում:
Համանախագահները ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տրածել, որտեղ ասում է. «Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արեւելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաեւ 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով՝ հակառակորդն ունի կորուստներ»:





























