Նախքան իրանական տեխնիկան հայկական շուկա դուրս բերելը, հարկավոր է հայ ֆերմերներին տեղեկացնել դրանց հնարավորությունների եւ առավելությունների վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Իրանի գյուղատնտեսական սարքավորումներ արտադրողների ասոցիացիայի փոխնախագահ Հոսսեյն Ռոուզաթիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Պատվիրակության կազմում էին նաեւ գյուղտեխնիկայի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանը, գյուղատնտեսական սարքավորումներ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

«Մեր այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կիրառվող տեխնիկային եւ հարակից սարքավորումներին, դրանց հզորություններին, ինչպես նաեւ գործարար կապեր հաստատել տեղական արտադրողների հետ իրանական գյուղտեխնիկայի մատակարարման եւ նորագույն տեխնոլոգիաների ներմուծման նպատակով», - նշել է ասոցիացիայի փոխնախագահ Հոսսեյն Ռոուզաթին:

Այնուհետեւ կողմերը քննարկել են գյուղտեխնիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները: Տեղեկացնելով Հայաստանում լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման եւ մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ծրագրերի վերաբերյալ` Ռոբերտ Մակարյանն առաջարկել է հյուրերին ուսումնասիրել նաեւ  այդ ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունը:

Նախարարի տեղակալը հնարավոր է համարել նաեւ իրանական գյուղտեխնիկայի նմուշների ներկայացումը հոկտեմբերին Երեւանում կայանալիք «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին, ինչը Ռոբերտ Մակարյանի համոզմամբ հնարավորություն կընձեռի հայ ֆերմերներին տեղում ծանոթանալ արտադրանքին:

«Նախքան իրանական տեխնիկան հայկական շուկա դուրս բերելը, հարկավոր է հայ ֆերմերներին տեղեկացնել դրանց հնարավորությունների եւ առավելությունների վերաբերյալ», - նշել է Ռոբերտ Մակարյանը:

Հայ-իրանական համագործակցությունն առավել  ամուր հիմքերի վրա դնելու նպատակով փոխնախարարն առաջարկել է իրանցի գործարարներին սերտորեն համագործակցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ եւ ստորագրել հուշագիր, որում կներառվի նաեւ միջոցառումների հստակ ժամանակացույց:

Որպեսզի իրանական գյուղտեխնիկան հայկական շուկայում լինի մրցունակ եւ ունենա պահանջարկ` Ռոբերտ Մակարյանը միաժամանակ ընդգծել է բարձր որակի եւ մատչելի գների ապահովման կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ գյուղտեխնիկայի հավաքման համատեղ կենտրոնի ստեղծման հնարավորությունը: