Կառավարության ծրագրով տեսանելի չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարելի է որեւէ լուրջ փոփոխություն ակնկալել: Այս մասին հուլիսի 5-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը:

Նրա կարծիքով` կառավարության ծրագիրը բովանդակալից չէ, դրա մեջ նշված չեն իրականացման մեխանիզմները: «Ես, իհարկե, հասկանում եմ, որ քաղաքական պատճառներ կան, որպեսզի ծրագիրը համընդգրկուն չլինի, այլ քննության նման լինի, որին ուսանողը ինչ հասցրել, այն էլ պատրաստել է: Մինչդեռ տեսանելի չեն սկզբունքային մեխանիզմները»,- պարզաբանեց ՀԿ ղեկավարը:

Վարդանյանը կարծում է, որ եթե Հայաստանը ցանկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որեւէ հավակնոտ նախագիծ իրականացնել, ապա պետք է այնպիսի գործողություններ կատարի, որոնք նպաստում են այս ոլորտում կոնսոլիդացիային: Այսինքն, փորձագետի խոսքով, խոսքը երեխաների, ծնողների, գյուղերի կոնսոլիդացիայի մասին է` այնպիսի պայմաններ ստեղծելու համար, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ձեռնարկությունները մասնակցելու հնարավորություն ունենան, այդ թվում` նաեւ նրանց մոտ, այլ ոչ թե միայն Երեւանում կենտրոնանան: Փորձագետի տեսանկյամբ` այս խնդրի իրականացման համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կրթությանը: «Բոլորս հրաշալի հասկանում ենք, թե ինչ վիճակում են մեր համալսարաններն եւ միջազգային պահանջմունքը, որը միանգամայն դրականորեն է ազդում այս ոլորտի զարգացման վրա: Չնայած կառավարությունը հայտարարում է, որ այս ոլորտն առաջնային է, սակայն դրա զարգացման համար ոչ մի բան չի արվում»,- դժգոհեց Կարեն Վարդանյանը: