Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ Ռուսաստանն այս թեման հատուկ վերահսկողության ներքո է պահում եւ ամեն ինչ անում է, որ իրավիճակի լարվածության դեպքում այն վերադարձնի կարգավորման գործընթացի հուն:

«Ղարաբաղյան հակամարտության կողմերից ստացված տեղեկատվության համաձայն` հուլիսի 4-ին զորքերի շփման գծում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի հերթական խախտումը, որը մարդկային զոհերի է հանգեցրել, այդ թվում` խաղաղ բնակչության եւ երեխաների շրջանում: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Արյունահեղությունն անթույլատրելի ենք համարում եւ կողմերին կոչ ենք անում իրավիճակի կայունացման համար միջոցներ ձեռնարկել: Աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որում նշված է բռնության դադարեցման եւ բանակցությունների վերականգնման անհրաժեշտության մասին»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան Ալխանլի գյուղի մոտ Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է ԼՂՀ ԶՈւ-ի դիրքերը: Փոխհրաձգության ընթացքում զոհվել է 52-ամյա կին եւ 2-ամյա աղջիկ: Հայտնի չէ` կնոջ եւ երեխայի մահը ԼՂՀ ԶՈւ-ի՞ պատասխան գործողությունների հետեւանք է, թե՞ Ադրբեջանի ԶՈւ-ն ինքն է գնադակոծել սեփական գյուղը: