Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 6-ին, «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց պաշտպանների` իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: (Ֆոտոռեպորտաժ)
Նիստերի դահլիճում չէին պաշտպաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը: Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` բացակայող փաստաբանների վերաբերյալ դատական սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ այսօր դատական նիստի մեկնարկին Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Արտուշ Գաբրիելյանին` նշելով, որ դատավորը կոպիտ խախտում է թույլ տվել: Նրան միացել էին մյուս պաշտպանները:
Բացի այդ, փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը դատավորի` խորհրդակցական սենյակ գնալուց առաջ լքել էին դատական նիստերի դահլիճը` նշելով, որ իրենց պաշտպանյալները նիստերի դահլիճում չեն եւ իրենք չեն ցանկանում ներկա գտնվել նիստին:
Այսօրվա նիստին 18 ամբաստանյալներից մասնակցում են միայն 3-ը` դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախորդ նիստին վեց ժամով հեռացրել էր «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամներից 15-ին. նրանց նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել ոտքի չկանգնելու համար: Դատարանը սանկցիա չէր կիրառել միայն Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի եւ Արամ Մանուկյանի նկատմամբ` նշելով, որ նրանք առողջական խնդիրներ ունեն եւ կանգնել չեն կարող: Հովհաննես Հարությունյանը դատարան է ներկայացել Մոնթե Մելքոնյանի նկարով վերնաշապիկով` «Իմ կենացը մի´ խմեք, այլ իմ գործը շարունակե´ք» գրությամբ:
Նշենք, որ այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:











