Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 6-ին, «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանի եւ Մարտիրոս Հակոբյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի նկատմամբ: (Ֆոտոռեպորտաժ)
Դատարանը կդիմի Փաստաբանական պալատ` նրանց պատասխանատվության ենթարկելու համար:
Նշենք, որ այսօր դատական նիստի ժամանակ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը լքել էին դատական նիստերի դահլիճը` հայտարարելով, որ իրենց պաշտպանյալների բացակայության պայմաններում չեն ցանկանում ներկա գտնվե նիստին:
Այսօրվա նիստին 18 ամբաստանյալներից մասնակցում են միայն 3-ը` դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախորդ նիստին վեց ժամով հեռացրել էր «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամներից 15-ին. նրանց նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել ոտքի չկանգնելու համար: Դատարանը սանկցիա չէր կիրառել միայն Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի եւ Արամ Մանուկյանի նկատմամբ` նշելով, որ նրանք առողջական խնդիրներ ունեն եւ կանգնել չեն կարող:
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանն այսօր դատարան է ներկայացել Մոնթե Մելքոնյանի նկարով վերնաշապիկով` «Իմ կենացը մի´ խմեք, այլ իմ գործը շարունակե´ք» գրությամբ:
Նշենք, որ այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
.jpg)
.jpg)











