Չլիցենզավորված եւ տուգանքները չվճարած տաքսիստներն այսօր՝ հուլիսի 6-ին, բողոքի ակցիա անցկացրեցին ԱԺ շենքի դիմաց. նրանք պահանջում են զրոյացնել վարորդների լիցենզավորման համար կուտակված տուգանքները:
Բողոքի ակցիայի մասնակիցները լրագրողների հետ զրույցի ժամանակ ներկայացրեցին իրավիճակը եւ իրենց անփոփոխ պահանջները. «Անհատ վարորդների իրավունքի պաշտպան» ՀԿ-ի նախագահ Մխիթար Օհանյանը շեշտեց, որ օրենքի համաձայն, չլիցենզավորված տաքսիստների գործունեությունը 3 ամիս անց կասեցնելու մասին Կառավարությունը իրենց չի ծանուցել, միտումնավոր 2-3 տարի հետո են տեղեկացնում, երբ տուգանքները արդեն մեծ թվերի են հասել։ «Երբ որ ես հարց տվեցի նախարարին, ասացի՝ ինչո՞ւ 2 ամիս հետո չեք ծանուցել, ասում է՝ որովհետեեւ մենք տեսնում էինք՝ ձեր վարորդները մեքենան վարում են։ Իրենց գործունեությունը կասեցնեիք, հիմա վարորդներին որ նկարում եք, 50 հազար տուգանում, էն ժամանակ տուգանեիք, մարդը տեղ չէր ունենա խոսելու, որ ինքը արդեն օրենքից դուրս է»,- ասաց Օհանյանը եւ հավելեց, որ ամբողջ քաղաքում «վխտում են» անօրինական տաքսիներ, «Ջիջի տաքսի», «Յանդեքս տաքսի», «Տաքսի օնլայն», իսկ նախարարը պատասխանել է, որ դրանք տաքսի սերվիս չեն, այլ օնլայն ծառայություններ են։
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ ներկայացրեց իրենց պահանջները, մասնավորապես անդրադառնալով ՝ «Ջիջի տաքսի», «Յանդեքս տաքսի», «Տաքսի օնլայն» եւ այլ տաքսի ծառայությունների ապօրինի եւ արտոնյալ պայմաններով գործունեությանը։
«Երկու տարի է՝ դիմել ենք տրանսպորտի նախարարությանը, որը չի կարողանում նրանց օրինականացնի, մենք էլ չենք կարողանում մեր հարկերը վճարել, 2 տարում գոյացել է 500 հազար դրամի տուգանք, բայց երկու տարի է՝ ես քեզ դիմում եմ, որ դու դաշտը հավասարեցնես։ Չես կարողանո՞ւմ, հիմա իմ 500 հազարը ների, թող «Յանդեքսը» էլի շարունակի ապօրինի, մենք էլ շարունակենք չվճարել, մինչեւ դուք օրենքը մշակեք։ Դուք կարող է՝ երեք տարի էլ չկարողանաք դաշտը հավասարեցնել, 3 տարի հետո էլ գաք, ասեք՝ 5 տարի է անցել, մի միլիոն վճարեք»,- ասաց Հովհաննիսյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ Նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներով պատրաստ են օրենքի շրջանակներում համապատասխան լուծումներ տալ եւ առաջարկեց հենց այսօր աշխատանքային խումբ ձեւավորել եւ ընդմիջմանը ԱԺ-ում քննարկել խնդիրը։ Պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ հավատացրեց, որ օրենքի սահմաններում փորձելու են հարցին լուծում տալ։ «Մենք չենք կարող հիմա սարեր խոստանալ, չենք կարող խոստանալ այն, ինչ օրենքից դուրս է։ Մենք ուզում ենք խնդիրը դիտարկել խորքային, մանրամասն ուսումնասիրել դրա իրավական հիմքերը, որ լուծումը երաշխավորված լինի»,-ասաց պատգամավորը։
Բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպեցին նաեւ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Լենա Նազարյանը։ Նրանց պահանջները լսելուց հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարող են երեքշաբթի օրը ԱԺ-ում հանդիպել, իսկ մինչ այդ իրենք կփորձեն աշխատել կառավարության ներկայացուցիչների հետ՝ սկզբում գոնե տեսականորեն լուծումներ գտնելու համար։ «Պետք է նախ ախտորոշենք, հետո առաջարկենք բուժում, եթե բժիշկը ես եմ, տվյալ դեպքում, թողեք անալիզներին ծանոթանամ»,- ասաց Փաշինյանը։











