Ես Հայաստանի կառավարությանը «երկուս» եմ նշանակում, հին խորհրդային 5 բալանոց համակարգով։ Այս մասին հուլիսի 6-ին ԱԺ-ում հայտնել է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ելույթ ունենալով 2016-ի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ։
Նրա խոսքով, այդ հաշվետվությունները չպետք է անցնեն «թվեր ասացինք՝ իրար ձեռք սեղմեցինք ու ցրվեցինք» սցենարով։ Դրանցում պետք է տեղեկություններ լինեն այն մասին, արդյոք լուծվում են պետության ու հասարակության համար կարեւորագույն հարցերը։ «Ցավոք, նման բոլոր հարցերին ստիպված ենք պատասխանել «ոչ»։ Արդյո՞ք բարձրացել են մարդկանց եկամուտները՝ «Ոչ»։ Կարողանո՞ւմ են արդյոք գյուղացիները վճարել իրենց վարկերը։ Ոչ։ Մարդիկ մնո՞ւմ են երկրում։ Ոչ։ Արդյո՞ք մարզերի քաղաքները բարեկարգված են՝ Գյումրին, Վանաձորը, Հրազդանը, Կապանը։ Ոչ։ Ինչպես եղել են ամայացած, այդպես էմ մնացել են։ Արդյո՞ք մեր պետական ապարատը ավելի արդյունավետ է դարձել։ Ոչ։ Դուք Հայաստանը տարաք ԵՏՄ։ Արդյո՞ք մեր քաղաքացիներն այնտեղ ավելի պաշտպանված են դարձել, քան առաջ։ Ոչ։ Իսկ ահա պաշտոնյաների մոտ մնացե՞լ են 200 հազար դոլարանոց մեքենաներ։ Սա միակ հարցն է, որին կարելի է համարձակորեն պատասխանել ՝ «այո»,- շեշտեց Մարուքյանը։











