Հուլիսի 7-ին մեկնարկող G20 գագաթնաժողովի շեմին Համբուրգում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Դրանք քաղաքի մի շարք շրջաններում վերածվել են ոստիկանության եւ «Սեւ դաշինքի» ձախակողմյան ծայրահեղականների հետ բախման, փոխանցում է DW-ն։
Համբուրգում անկարգությունները սկսվել են Welcome to Hell (Բարի գալուստ դժոխք) ակցիայի մեկնարկից գրեթե անմիջապես հետո։ Ոստիկանությունը երթը կանգնեցրել է՝ մեկուսացնելու համար շուրջ 1000 ծայրահեղականի։
Դա սրել է իրադրությունը։ Ծայրահեղականները ոստիկանության ուղղությամբ շշեր, պետարդաներ եւ այլ առարկաներ են նետել։ Ի պատասխան՝ ոստիկանությունը ջրցաններ ու պղպեղե գազ է կիրառել։ Բախումների սկսվելուց հետո Welcome to Hell-ի կազմակերպիչները հաղորդել են, որ ակցիան ավարտված է։
Սակայն որոշ ժամանակ անց ցուցարարները, որոնք ոստիկանության համաձայնությամբ, Սանկտ Պաուլի շրջանում վերսկսել էին երթը, կրկին հարձակվել են իրավապահների վրա։ Բախումների ընթացքում 76 ոստիկան է վիրավորվել, նրանցից 5-ը հիվանդանոց են տեղափոխվել։
Առավոտյան մոտ, երբ իրադրությունը սկսել էր կարգավորվել, շինություններից մեկի նկուղից ոստիկանների ուղղությամբ ինքնաշեն 1 դոլարանոցներ են նետել՝ United States of Ignorance մակագրությամբ։
Շանցենֆիրտել թաղամասում ցուցարարները հրկիզել են հեծանիվներ, աղբ եւ այլ իրեր։ Որոշ շրջաններում դիմակներով մարդիկ խանութների ցուցափեղկեր ու ավտոմեքենաներ են կոտրել։
Առավոտյան ժամը 4-ին իրավիճակը վերջնականապես կարգավորվել է։




























