ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծայրահեղ մտահոգ են հուլիսի 4-ին ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտումների կապակցությամբ: Այս մասին հուլիսի 6-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությունում Ֆրանսիայի ներկայացուցիչը:

Նա կարդացել է հուլիսի 5-ին եռանախագահների տարածած հայտարարությունը եւ երեք երկրների ներկայացուցիչների անունից մի քանի խոսք ավելացրել:

«Մենք այդ լուրջ միջադեպը դիտարկում ենք որպես սադրիչ ակտ, որը խափանում է խաղաղ ջանքերն ու կարող է ձախողել առաջիկա բանակցությունները: Մենք կողմերին հիշեցնում ենք Ժնեւի կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների մասին՝ զերծ մնալ ցանկացած թշնամական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության շրջանում անընդունելի զոհերի: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու համար եւ խստորեն հետեւել 1994-1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրին»,- հայտարարել է նա:

Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ընդգծում են հնարավորինս արագ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար: