«Զինված խմբի» գործով հերթական նիստն այսօր՝ հուլիսի 7-ին, սկսվեց 1 ժամ ուշացումով:
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց, որ նիստի ուշացման պատճառն այն է, որ ներկա չէր ամբաստանյալ Արման Հայրապետյանի պաշտպան Հերմինե Միքայելյանը: Դատավորի խոսքով, քիչ առաջ կապ է հաստատվել պաշտպանի օգնականի հետ, որը հայտնել է, թե Հերմինե Միքայելյանը գտնվում է հիվանդանոցում եւ չի կարող գալ: Ամբաստանյալը նշեց, որ ինքը դեմ չէ առանց պաշտպանի շարունակել դատական նիստը:
Նշենք, որ այսօրվա նիստին չեն բերել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին: Նրան նախորդ նիստին դատարանը հեռացրել էր 3 ժամով: Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հետաքրքրվեց՝ ինչու իր պաշտպանյալի բացակայության մասին նիստերի քարտուղարը չհայտարարեց:
«Նախորդ դատական նիստին ես անձամբ եմ ականատես եղել, թե դուք ինչպես կարգադրիչների եւ ոստիկանների ներկայությամբ փորձել եք հաշիվ պահանջել, որ հանդգնել է ձեզ անհասկացող ասել: Իմ պաշտպանյալն ինձ փոխանցել է, որ դուք նրան ասել եք հետեւյալը՝ դու ո՞վ ես, որ ինձ ասես՝ «չի հասկացել», ես քեզնից շատ բան եմ արել էս երկրի համար, դերասան ես, դու ոչ միայն քայլում ես, այլեւ վազում ես, բոլորին մատերի վրա ֆռռացնում ես»,- դատարանում հայտարարեց Հայկ Ալումյանը:
Դատավոր Բեկթաշյանը որեւէ կերպ չարձագանքեց Ալումյանի այս հայտարարությանը: Նա միայն նշեց, որ նիստը հետաձգվում է, քանի որ Արման Հայրապետյանի պաշտպանը ներկա չէ:
Նիստից հետո Արմեն Բեկթաշյանը մի քանի րոպե զրուցեց Հայկ Ալումյանի մասին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:
Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքը հետագայում խստացվել էր:














