Այսօր Հայաստանում հեռարձակվող բոլոր հեռուստաընկերությունները եւ ռադիո ընկերությունները որոշակի վերահսկողության գործիք են իշխանության ձեռքին: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, Ազգային ժողովում  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016թ. գործունեության քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում հեռարձակվող բոլոր հեռուստաընկերությունները եւ ռադիո ընկերությունները որոշակի վերահսկողության գործիք են իշխանության ձեռքին Հանրությանը վերահսկելու նպատակով, որն ունի քաղաքական նպատակներ: Ընտրություններից ընտրություն ընկած ժամանակահատվածում կառավարելու, որոշակի ազդեցություն թողնելու համար է հասարակության գիտակցության վրա: Այս իրավիճակի արդյունքում է, որ առաջանում է  ռեյտինգային մրցավազքը, որովհետեւ խնդիր կա հանրային ուշադրությունը կենտրոնացնել որոշակի հեռուստաընկերությունների վրա՝ որոշակի սպառողական մենթալիտետ ձեւավորելու համար»,-ասաց նա:

Պատգամավորը նաեւ անդրադարձավ հեռուստահաղորդումների որակին. «Բացի այդ, հեռուստահաղորդումներ կան, որտեղ մտնում են մարդկանց անկողին, զոքանչի, հարսի, փեսայի հարաբերություններ են պարզում, հանրությունն էլ բերանը բաց լսում է՝ ով ում քրֆեց, ոնց ու քանի անգամ: Սա մարդկանց փոքրացնում ա, սա ընդհանրապես մարդկային հարաբերությունների որակ ա ապահովում»: