Հայաստանում կուսակցական ուղղվածությամբ հեռուստաալիք չկա: Այս մասին հուլիսի 7-ին` ԱԺ-ում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց կառույցի նախագահ Գագիկ Բունիաթյանը` պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանի այն հարցին, թե ընդունում է, որ Հայաստանում կուսակցական ուղղվածությամբ հեռուստաալիքներ կան:
Բունիաթյանի խոսքով` եթե որեւէ խմբագրություն կամ որեւէ հեռուստաալիք քաղաքական ինչ-որ դիրքորոշում ունի, ապա դա գրաքննության հարթությունում է: «Բայց ես կարծում եմ, որ մեզ մոտ նման արտահայտված երեւույթ չկա: Մեզ մոտ այս իմաստով առաջընթաց է գրանցվել: Եվ այսօր նման խնդիր, իմ կարծիքով, չկա»,- ասաց նա:
Արտակ Զեյնալյանի հարցին` Հանձնաժողովն արդյոք դիտարկում անցկացնո՞ւմ է պարզելու համար, թե խորհրդարանի աշխատանքը լուսաբանելիս եթերում ընդդիմության տեսակարար կշիռը որքան է կազմում, Բունիաթյանը պատասխանեց. «Մենք, իհարկե, ժամանակ առ ժամանակ դիտարկում կատարում ենք, բայց քանի որ նման պահանջներ չկան, մինչեւ այս պահը ոչ մի խախտում չենք գրանցել: Եթե դուք հատուկ կարծիք ունեք, որեւէ լրատվամիջոցի հետ կապված առաջարկ, կարող եք ներկայացնել, մենք այդ հարցը կքննարկենք»:
Նշենք, որ նույնիսկ «անզեն» աչքով դժվար չէ նկատել, թե մի շարք հայկական հեռուստաալիքներ ինչպես են ուղղակիորեն ծառայում այս կամ այն քաղաքական ուժին: Մասնավորապես` «Արարատ» հեռուստաալիքը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, «Կենտրոնը»` «Բարգավաճ Հայաստանին», «Հ3»-ը` «Հայկական վերածնունդին (վերակազմավորված «Օրինաց երկիր»), «Երկիր մեդիան»` ՀՅԴ-ին:





























