Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նպատակով մեր երկիր է ժամանել Լեհաստանի արժեթղթերի գործակալության պատվիրակությունը` նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալի գլխավորությամբ: Նոյեմբերի 30-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացին գործակալության հնարավոր մասնակցության հետ կապված հարցեր:

Քշիշտոֆ Ժարնոտալը ներկայացրել է իր ղեկավարած գործակալության հնարավորություններն ու փորձը ազգային փաստաթղթերի արտադրության  եւ մատակարարման բնագավառում` նշելով, որ գործակալությունն անհատական տվյալների քարտեր, անձնագրեր եւ վիզաներ է մատակարարում ինչպես Լեհաստանին, այնպես էլ` արտասահմանյան մի շարք երկրների: