Ամերիկյան Tesla կորպորացիան մտադիր է Ավստրալիայում կառուցել աշխարհի ամենահզոր համակարգը՝ էներգիա կուտակելու համար։ Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով այդ մարտկոցի հզորությունը եռակի շատ է լինելու, քան գոյություն ունեցողներինը։

Համակարգը կոչվելու է Powerpack, այն տեղադրելու են Հարավային Ավստրալիայում։ Հսկայական մարտկոցը լիցքավորվելու է մասնավորապես Neoen ընկերության քամու էլեկտրակայանների օգնությամբ։ Այդ ընկերությունը համագործակցելու է Tesla-ի հետ այդ նախագծի իրականացման համար։

 Powerpack համակարգը նախատեսված է անհրաժեշտության դեպքում ավելի քան 30 հազար տների էներգիայով ապահովելու համար, ինչը հատկապես կարեւոր է դարձել վերջին փոթորիկներից հետո, որոնց հետեւանքով ավստրալական այդ նահանգի բնակիչները զրկվել էին էլեկտրականությունից։