Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում ԼՂ հարցով որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Ներկա դրությամբ որեւէ լուրջ փաստաթուղթ Աստանայում չի քննարկվի: Դատելով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունից, ով հայտնել է իր երկրի մտադրության մասին, թե «Ռուսաստանը նպատակ ունի մշակել «Կարգավորման հիմնական սկզբունքները» անվամբ համընդգրկուն փաստաթուղթ, որը ցույց կտա խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքի հիմնական ուղղությունը», ապա ԼՂ խնդրի կարգավորման շուրջ Աստանայում գուցեեւ առհասարակ քննարկում տեղի չունենա»,-հայտարարեց Աթանեսյանը: Ըստ ԼՂՀ խորհրդարանի պատգամավորի՝ սա պետք է պայմանավորել նաեւ այն հանգամանքով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից միայն Ռուսաստանի առաջնորդն է ներկա լինելու Աստանայում, իսկ մյուս համանախագահող երկրների ղեկավարները գագաթնաժողովին չեն մասնակցելու: «Ի մի բերելով այս տեղեկատվական արտահոսքերը կարող ենք ենթադրել, որ Աստանայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են հակամարտող կողմերին ներկայացնել առավելագույնը հայտարարության մի տեքստ, որը ամենայն հավանականությամբ չի տարբերվի այն հայտարարություններից, որոնք մինչ այդ արդեն երկու անգամ արվել են Մինսկի խմբի անդամների մակարդակով»:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք WikiLeaks-ի կողմից հրապարակված աղմկահարույց փաստաթղթերը կարող են ճնշման միջոց հանդիսանալ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա հեգատայում կիրառելու համար, Աթանեսյանն արձագանքեց՝ դժվար թե: «Եթե այդ տեղեկատվական արտահոսքերը նույնիսկ իրականությանը համապատասխանում են, ապա ժամանակը բավական կարճ էր, որպեսզի այդ նյութերը ինչ-որ ճնշման կամ ինչ-որ դիվանագիտական ազդեցության առիթ հանդիսանային: Դրանք նյութեր են, որոնք միջպետական հարաբերություններում կարող են առաջացնել որոշակի դժվարություններ: Բայց դրանց դրսեւորումներին կարելի է ականատես լինել արդեն Աստանայից հետո»,-ասաց նա:





























