Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալու CNN-ի հայտնի հաղորդավար Լարի Քինգին, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այն դեռ երկար կհիշվի, եւ ոչ միայն զրուցակցի անձի, այլեւ այն պատճառով, որ կլինի Լարի Քինգի վերջին հարցազրույցներից մեկը:

Հարցազրույցի տեսագրումը կլինի այսօր, իսկ դեկտեմբերի 1-ին կցուցադրվի հեռուստատեսությամբ, ասել է Պեսկովը: Հարցազրույցը բավական երկար կլինի՝ մոտ 40 րոպե, սակայն դրա թեմատիկան հայտնի չէ: Լարի Քինգը հայտնի է իր անկանխատեսելի հարցերով: Հարցազրույցն անցկացվելու է հեռուստակամուրջի ձեւաչափով: Լարին կլինի Լոս-Անջելեսի ստուդիայում, իսկ Պուտինը՝ կառավարությունների տանը, նրանք զրուցելու են թարգմանիչների օգնությամբ:

Քինգի հարցազրույցը Պուտինի հետ առաջին անգամ կայացել է 2000թ.: Հաղորդավարի «Իսկ ի՞նչ պատահեց Կուրսկ» սուզանավի հետ» հարցին Պուտինը պատասխանել էր. «Այն խորտակվել է»:

Նշենք, որ Լարի Քինգի շոուն, որը եթերում է արդեն 25 տարի, շուտով փակվելու է: Քինգն իր կարիերայի ընթացքում մոտ 40 հազար հարցազրույց է վարել: