ԵԱՀԿ գագաթաժողովում ԼՂ հակամարտության կողմերին խնդրի լուծման հետ կապված առաջարկներ չեն արվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

«Առաջարկներ չեն լինելու, քանի որ առաջարկներ անողները, բովանդակային քայլեր իրականացնողները ներկա չեն լինելու գագաթաժողովին:  Խոսքը եռանախագահող երկրներիր երկու նախագահների՝ ԱՄՆ նախագահ Օբամայի եւ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի  մասին է: Իսկ  բովանդակային առաջարկները արվում են նախագահների մակարդակով»,-հայտարարեց Մարտիրոսյանը՝ հավելելով, թե «Չեմ կարծում, որ նրանցից մեկը ցանկանար ձեռքից բաց թողնել նման լավ առիթը»: Ըստ Մարտիրոսյանի՝ առավելագույնը, որը կարող է տեղի ունենալ գագաթաժողովում, հռչակագրային որեւէ փաստաթղթի ստորագրումը կլինի:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գագաթաժողովը տեղի կունենա Աստանայում, դեկտեմբերի 1-2-ը: Գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկնել է Աստանա: