Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում նախազգուշացրել է սպառազինությունների մրցավազքի նոր ալիքի մասին, եթե համաձայնություն չկայան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման խնդրի շուրջ:
«Ռուսաստանը պատրաստ է շահագրգռված երկրների հետ աշխատել հրթիռային տարածմանը հակազդելու մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ: Վերջերս Լիսաբոնում ՆԱՏՕ-Ռուսաստան գագաթաժողովում ես իմ պատկերացումները ներկայացրեցի եվրոպական ՀՀՊ հնարավոր ճարտարապետության ձեւավորման մասին, որը կարող է զուգակցել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի պոտենցիալները եւ ապահովել Եվրոպական բոլոր երկրներին հրթիռային հարվածներից»,- ասել է ՌԴ նախագահը:
«Բայց այս դահլիճում ես ուզում եմ ավելի բաց ասել, որ առաջիկա 10-ամյակում մեզ սպասում է հետեւյալ այլընտրանքը. Եթե մենք համաձայնության գանք հակահրթիռային պաշտպանության հարցում եւ ստեղծենք համագործակցության լիարժեք համատեղ մեխանիզմ կամ էլ եթե մեզ չհաջողվի կառուցողական պայմանավորվածության հանգել, կսկսվի սպառազինությունների մրցավազքի նոր ալիք: Այդ դեպքում մեքն ստիպված կլինենք նոր հարվածային միջոցներ տեղակայելու մասին որոշումներ կայացնել: Ակնհայտ է, որ այդ սցենարը շատ ծանր կլինի»,- ամփոփել է Մեդվեդեւը:





























