ԵԱՀԿ-ն ԱՄՆ միջազգային քաղաքականության կարեւոր մասն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Աստանայում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

«ԵԱՀԿ-ն առաջնահերթություն է իմ եւ իմ երկրի համար: Երբ ամուսինս` Բիլ Քլինթոնը զբաղեցնում էր ԱՄՆ նախագահի պաշտոնը, ԵԱՀԿ-ն նրա համար առաջանհերթություն ունեցող միջազգային կազմակերպություն էր եւ ես նույնպես, որպես ԱՄՆ պետքարտուղար հաստատում եմ իմ պարտականությունները ԵԱՀԿ-ի առջեւ»,- ասել է Հիլարի Քլինթոնը: Նրա խոսքով, Աստանա կատարած այցելությունը հաստատում է, որ ԵԱՀԿ-ն ԱՄՆ միջազգային քաղաքականության կարեւոր մասն է:

«Եթե դուք ուզում եք հաջողակ երկիր լինել 21-րդ դարում, ապա պետք է պաշտպանեք մարդու իրավունքները»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ նա ժամանել է Աստանա` մասնակցելու ԵԱՀԿ գագաթաժողովին, որն իր աշխատանքները կսկսի դեկտեմբերի 1-ին:

Քլինթոնը գլխավորում է ԱՄՆ 200 հոգուց բաղկացած պատվիրակությունը, որում ընդգրկված են պետքարտուղարի տեղակալը, Կոնգրեսի անդամներ եւ փորձագետներ: