WikiLeaks կայքի նախկին աշխատակից Հերբերթ Սնորասոնը հայտարարել է, որ իր գործընկերների հետ կստեղծի այլընտրանքային «արտահոսքային» կայք, որը հիմնված կլինի աշխատանքի մի քանի այլ սկզբունքների վրա:
«Մենք մի քանի մարդկանց հետ հեռացել ենք WikiLeaks-ից, քանի որ մեզ բոլորովին դուր չէր գալիս, թե ինչպես է կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը ղեկավարում այն»,- ասել է 25-ամյա իսլանդացի ուսանողը: Նրա խոսքով, իր գաղափարներից մի քանիսը որեւէ կերպ իրականանալու շանսեր չեն ունեցել Ասնաջի դիրքորոշման պատճառով, գրում է Lenta-ru-ն:
Միաժամանակ, Սնորասոնն ընդգծել է, որ այդ դեմարշը անձամբ իր ղեկավարի դեմ ուղղված ակցիա չէ: Ուսանողի ներկայացմամբ, նոր կայքը WikiLeaks-ին մրցակից չի լինի, քանի որ գործելու է մի փոքր այլ կերպ:
Եթե WikiLeaks-ը հավաքում է տեղեկատվություն, այնուհետեւ հրապարակում, ապա Սնորասոնի նախագիծը միայն ասպարեզ է լինելու, որտեղ գաղտնի տեղեկատվության տիրապետող մարդիկ առանց անունների ուղղակի կփոխանակեն այդ տեղեկատվությունը:
Իր նոր նախագծի համար Սնորասոնը դեռ անուն չի մտածել:





























